Հայաստանի Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու վերաբերյալ կարեւոր կլինի լսել նաեւ ԵՄ գործընկերների դիտարկումներն ու խորհուրդները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Սխինասը Երեւան է ժամանել նախօրեին՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համար։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ եւ հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ելույթից հետո Հայաստանում ընթանում են քննարկումներ ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու վերաբերյալ:
«Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն եւ համակողմանի։ Այստեղ կարեւոր կլինի լսել նաեւ ԵՄ մեր գործընկերների դիտարկումները եւ խորհուրդները»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար կարեւոր պահ է որակել Մարգարիտիս Սխինասի այցը եւ նշել, որ այն կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը։
«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»,- ասել է վարչապետը: