Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով` նրան քվե է տվել ընտրողների 59,55%-ը։
Կոսովոյում եւ Մետոխիայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա եւ Հերցեգովինա) Վուչիչը հավաքել է ձայների ավելի քան 90%-ը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ Սերբիայում անցկացվել են նաեւ խորհրդարանական ընտրություններ, որոնցում Վուչիչի «Միասին ի վիճակի ենք անելու ամեն ինչ» կոալիցիան հավաքել է ձայների մոտ 44%-ը։
Միացյալ ընդդիմության կոալիցիայի թեկնածու Զդրավկո Պոնոշը ստացել է 17,53%, ՆԱԴԱ կոալիցիայի թեկնածու Միլոշ Յովանովիչը՝ 5,82%, «Դռներ» կուսակցության առաջնորդ Բոշկո Օբրադովիչը՝ 4,42% ձայն։ Ի դեպ, Բոշկո Օբրադովիչը ժամանակին Սերբիայի խորհրդարանում հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Ընտրությունների արդյունքների ամփոփիչ ասուլիսում Վուչիչը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների վրա ուկրաինական ճգնաժամն էական ազդեցություն է ունեցել։
«Սերբիան պետք է որոշի՝ ինչ ճանապարհով է գնալու ապագայում, եւ նրանք, ովքեր հեշտ ուղիներ են փնտրում, տեղ չեն ունենալու իշխանության մեջ»,– հայտարարել է գործող նախագահը։
Վուչիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Սերբիան կպահպանի ռազմական չեզոք երկրի կարգավիճակն ու կփորձի բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։