Մերձավոր Արեւելքը գտնվում է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին, Ռուսաստանը աշխատում է բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Ծոցի երկրներ համագործակցության եւ ռազմավարական երկխոսության խորհրդի նիստում։
«Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու եւ բնակչության զանգվածային մահը կանգնեցնելու միջազգային հանրության անկարողությունը, հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացմանը ողջ տարածաշրջանում՝ Լիբանանի եւ Իսրայելի սահմանից մինչեւ Կարմիր ծով։ Միաժամանակ Իսրայելի ու Լիբանանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի հասավ։ Մերձավոր Արեւելքը կրկին հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին։ Դրա կանխումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը եւ հավելել, որ Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու համար։
Լավրովը նաեւ նշել է, որ Մերձավոր Արեւելքում կայունության հասնելն անհնար է առանց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման։
«Մերձավոր Արեւելքում իրական կայունության հասնելն անհնար է առանց տարածաշրջանային ամենահին խնդիրը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան պաղեստինյան պետության ստեղծման միջոցով լուծելու։ Ժամանակը եւս մեկ անգամ հաստատեց, որ առանց այս խնդրի լուծման տարածաշրջանը չի կարող կայուն զարգանալ։ 2023 թվականի հոկտեմբերից առճակատումը հերթական դրամատիկ սրացումն է ապրել»,-ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ հակամարտության ներկա փուլը առանձնանում է բռնությունների աննախադեպ եւ աղետալի չափերով։
«Գազայի հատվածում խաղաղ բնակչության զոհերի թիվն արդեն գերազանցել է արաբա-իսրայելական նախորդ բոլոր պատերազմներում զոհվածների եւ վիրավորների ընդհանուր թիվը»,-ասել է Լավրովը։